Հին, շատ հին գյուղ է Հարժիսը

Հին, շատ հին գյուղ է Հարժիսը: 839թ. Հարժիսը հիշվում է Սյունյաց եպիսկոպոս Դավթի կալվածագրում իբրև Տաթևի վանքին հարկատու գյուղ:Հարժիսը մեծ գյուղ է եղել Եռաբլրի սարահարթում` Գորիսից Երևան տանող մայրուղուց 6 կմ հարավ: Գյուղը արևելքից, հյուսիսից և արևմուտքից շրջապատված է հրաբխային բլուրներով և սարերով: Հալիձորի թափա(բլուր),Մեծ թափա, Կայծակի հարվածած (կայծակ թխած), Շինուհայրի թափա, Քար թափա, Չոբան թափա, Շիշ թափա, Խութիսի թափա: Հարավից Որոտանի ձորն իջնող անանցանելի ուղղաձիգ ժայռն է: Գյուղից Որոտանի ձորը տանող միակ ճանապարհը ժայռի արևմտյան եզրով իջնող, հիմնականում ոտքով անցանելի ուղին է: Վերջինտարիներին այդ ուղին բուլդոզերով լայնացրել ենմեքենահարմար դարձնելու համար:Սակայն ամեն անգամ` անձրևներից հետո,անհրաժեշտություն է առաջանում բուլդոզեր կանչել, վճարել հեղհեղատներից վնասված մասերը նորոգելու համար: Գյուղացիներն զբաղվել են անասնապահությամբ և դաշտավարությամբ:Ակտիվ առևտուր են արել Նախիջևան, Արցախ, Գարդման տանող` աղի նշանավոր ճանապարհով անցնողների հետ այդ ճանապարհին կառուցված քարավանատան (Կոտրած քարվանսարա)միջոցով: Ճիշտ նման քարավանատուն կա նաև Սելիմի լեռնանցքում, բարվոք վիճակում: Հարժիսից արևելք գտնվող ձորի (հեղհեղատի) ձախ կողմում հետագայում բնակություն են հաստատել թուրքերը, որոնք գարնան և ամռան ամիսներին իրենց ոչխարի հոտերով գալիս էին այդտեղ` սարահարթի առատ բուսականությունից օգտվելու, իսկ ձմռանն իջնում էին Որոտանի ձորը: Սարահարթում նրանց ապրելու տարածքը կոչվում է Վերին Քիրդեր (Վերին Քուրդլար), իսկ Որոտանի կիրճում նրանց բնակավայրը կոչվում է Ներքին Քիրդեր (Ներքին Քուրդլար): Այստեղ <<Քիրդեր>> բառը կապ չունի <<քուրդ>> բառի հետ:Այս ձորում որոտանի վրայի կամուրջը անվանում են Քրդիկի կամուրջ, որը կառուցել է Սյունյաց Քուրդ իշխանը ութերորդ դարում:Կամրջից քիչ հեռու Ալան թագավորի պալատի ավերակներն են, որտեղ մի կոտորած եկեղեցի կա, մեջը` տապանաքար.<<Գեղեցկատիպ և ծաղկափթիթ Ալան....,1324>>: Վերին Քիրդերում ապրող թուրքերը աչք ունեին Հարժիսի վրա, բայց վախենում էին նրա քաջ գյուղապետից: Մի օր երեկոյան նրան հրավիրում են հյուրասիրության, հարբեցնում և քնեցնում են իրենց մոտ: Առավոտյան գյուղապետը դուրս է գալիս տնից, նայում Հարժիսի կողմը և տեսնում հրդեհված գյուղ, ծխացող տներ: Գյուղապետը տեղում մահանում է սրտի կաթվածից:
Գյուղից փրկվում է միայն մի աղջիկ, որը հետագայում բնակություն է հաստատում Կապանի Հալիձոր գյուղում, և մի տղա երեխա, որին թուրքերը վաճառել էին Նախիջևանում և, որի հետքերով գնալով, Տաթևի վանքի մի հոգևորական գտնում և հետ է վերադարձնում: Հոգևորականը տղային բերում է Տաթևի վաբք: Երեխայի անունը Ղուկաս էր: Ղուկասը հասունանում է: Վանքում մտածում են նրան կուսակրոն դարձնել, բայց նրան Նախիջևանից բերած հոգևորականը չի համաձայնում. -Սրա հայրենական գյուղը ամայի է, ավեր: Սրանով կենդանացնենք գյուղը: Սակայն նրան Հարժիսի տարածք` սարահարթ չեն տանում: Ուղղաձիգ ժայռի ստորոտին կառուցում են եկեղեցի (Սուրբ Մինաս) և քարակոփ մի տուն (Համբու ղաբը) : Ղուկասին ամուսնացնում են տաթևացի մի աղջկա հետ, բնակեցնում այդտեղ: Հիմնվում է նու գյուղ` Յայջի անունով: Գյուղը չեր երևում ոչ սարահարթից, ոչ էլ Որոտան գետի ափով անցնող ճանապարհից: Դա մի բնական թաքստոց էր` ժամանակի հրամայականով: Յայջին ձևավորվել է 18-րդ դարի երկրորդ կեսին` մոտավորապես 1770-1780 թվականներին: 1931 թվականի երկրաշարժից ավերվել է Յայջին` բարեբախտաբար առանց մարդկային զոհերի: Սովետական կառավարության օգնությամբ գյուղացիները տեղափոխվել են սարահարթ`) նախքին Հարժիս գյուղի տարածքը, դարձյալ Յայջի անունով, բայց արդեն անվտանգ, մինչև հորիզոնը ձգվող տարածքով: Պլանային հատակագիծ են կազմում, կառուցում բարաքներ, որոշ թվով ընտանիքների տեղավորում, բայց առանց գոմի և մարագի: Այդ պատճառով էլ գյողացիների հետագա կառուցումների արդյունքում խախտվում է հատակագիծը: 1968 թ. գյուղը վերանվանվել է Հարժիս: Այժմ Հարժիսում կա 160 ընտանիք` 1031 բնակչով: Ավելի քան չորս անգամ շատ հարժիսցի ընտանիքներ կան Երևանում և այլուր: Գյուղն ունի բուժկետ, մանկապարտեզ,1954 թվականից` միջնակարգ դպրոց (մինչ այդ դպրոցը յոթնամյա էր), որի շրջանավարտներից շատերը ստացել են բարձրագույն կրթություն: Նրանց թվում կան գիտության դոկտորներ, թեկնածուներ, արտադրության կազմակերպիչներ, առաջավոր աշխատողներ մայրաքաղաքում և այլ վայրերում:

Комментариев нет:

Отправить комментарий